Ադրբեջանի բնակիչ, օրենքով գող Արիֆ Նուրադինօղլու Մեհթիեւը, ով հանցագործ շրջանակներում հայտնի է Արիֆ մականունով, ձերբակալվել է Մոսկվայում` ռեստորաններից մեկում:

Ոստիկանները նրա մոտից առգրավել են կեղծ անձնագիրն ու 1,23 գրամ հերոին:

Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի անօրինական պահելը եւ տեղափոխելը» հոդվածով, սակայն նրան կարող են դատել նաեւ «ՌԴ սահմանի ապօրինի հատում» եւ «Կեղծ փաստաթղթի օգտագործում» հոդվածներով:

RBC-ն հաղորդում է, որ 2009-ի գարնանը օրենքով գող Արիֆը ձերբակալվել էր ոստիկանների կողմից: Այն ժամանակ դատարանը որոշեց նրան ենթարկել վարչական տույժի եւ դուրս հանել ՌԴ սահմաններից: ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության օպերատիվ տեղեկության համաձայն, Մեհթիեւը վերահսկում էր ադրբեջանական հանցագործ խմբավորումը, որը զբաղվում էր բնակարանների կողոպուտով, մարդկանց առեւանգմամբ, ինչպես նաեւ թմրամիջոցների մատակարարմամբ եւ տարածմամբ:

Ոստիկանների տեղեկություններով, օրենքով գողը ռեստորանում հանդիպման էր եկել այն մարդկանց հետ, ովքեր բնակվում են ՌԴ տարբեր շրջաններում եւ անմիջական կապեր ունեն հանցագործ աշխարհի հետ: