Ընտրություններում պարտվողները պետք է ունենան քաղաքական կամք` շնորհավորելու հաղթող թեկնածուին: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին:
Նրա խոսքով, Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, որոնք սատարում էին Սասուն Միքայելյանին, չկարողացան ապահովել հաղթանակ, նույնիսկ ընտրական նոր օրենսգրքի տրված արտոնություններն օգտագործելով:
Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան նշեց, որ իրականում ՀՀԿ-ակաները «հաղթեցին» թե’ ընտրությանը, թե’ ընդդիմությանը, թե’ ժողովրդին, քանի որ գործի է դրվել ընտրակաշառքների մեխանիզմը:
Կարեն Ավագյանը հայտարարեց, որ եթե իսկապես ընտրակեղծիքներ եղել են, թող ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները դա նկարահանեին, հատկապես, որ նոր ընտրական օրենսգիրքը տալիս է այդ հնարավորությունը:
Հարցին, թե ընտրատեղամասերում լույսերը անջատելը ե՞ւս բխում է ընտրական նոր օրենսգրքի պահանջներից, Կարեն Ավագյանը հավատացրեց, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է եղել:
Նշենք, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում էր ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Գործող քաղաքապետը հավաքել է 13 հազար 079 ձայն, իսկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն: Օրվա ընթացքում Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդում էր բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, մինչդեռ Արամ Դանիելյանի շտաբը հերքում էր մեղադրանքները:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,86 տոկոսը:
Սասուն Միքայելյանի շտաբն արդեն հայտարարել է, որ չի բողոքարկելու ընտրությունները:




























