ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Bloomberg-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Իրանի հետ համաձայնագրի հնարավորությունը, հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները «շատ շուտով» հանդիպում են ունենալու։
«Կտեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք որևէ առաջընթաց գրանցել։ Նախագահը միշտ նախընտրում է խնդիրները լուծել գործարքի միջոցով։ Նա միշտ կնախընտրեր դա։ Այսպիսով, մենք նրան ևս մեկ հնարավորություն կտանք և կտեսնենք՝ արդյոք դա կաշխատի», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ «միանգամայն պարզ է, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ, որը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Միացյալ Նահանգների և Եվրոպայի, համաշխարհային անվտանգության, այլև ամբողջ տարածաշրջանի համար»։
«Դրա մասին կասկած չկա։ Երկրորդ, մենք ակնհայտորեն ցանկանում ենք ուժեր ունենալ տարածաշրջանում, քանի որ Իրանը ԱՄՆ ներկայությանը հարվածելու պատրաստակամություն և կարողություն է ցույց տվել։ Եվ հիմա տարածաշրջանում մեր դաշինքների շնորհիվ մենք ունենք բազա և Իրանը անցյալում ցույց է տվել, որ պատրաստ է հարձակվել մեզ վրա, այժմ նրանք սպառնում են մեր բազային։ Այսպիսով, մենք պետք է բավարար կրակային ուժ ունենանք տարածաշրջանում, որպեսզի կարողանանք այնպես անել, որ նրանք չսխալվեն և չդիմեն ավելիին։ Բացի այդ նախագահն ասել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ։ Դա շատ դժվար է անել, բայց նա կփորձի։ Դա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել հիմա։ Եվ գիտեք, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդը շատ շուտով հանդիպումներ կունենան», - ասել է Մարկո Ռուբիոն։





























