Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ «վստահ» է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը մահացել է Սիբիրի ուղղիչ գաղութում երկու տարի առաջ, թունավորվել է հազվադեպ թույնով, տեղեկացրել է BBC News-ը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվել է, որ էկվադորյան թունավոր դրոտիկավոր գորտի մաշկի մեջ հայտնաբերված մահացու թույնը (էպիբատիդին) հայտնաբերվել է Ալեքսեյ Նավալնու մարմնից վերցված նմուշներում եւ, մեծ հավանականությամբ, դա է եղել նրա մահվան պատճառը»։

Գերմանիայի, Շվեդիայի եւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունները միացել են Մեծ Բրիտանիայի հայտարարությանը՝ ընդգծելով, որ թույնը հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի թունավոր գորտերի մեջ եւ, բնականաբար, չի հանդիպում Ռուսաստանում։ Երկրների համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ «Ռուսաստանն ուներ այս թույնն օգտագործելու միջոցներ, դրդապատճառ եւ հնարավորություն»։

 Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի մասին հաղորդում են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝կապված Քիմիական զենքի կոնվենցիան խախտելու հետ։

Հաղորդվել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլյա Նավալնայան, հանդես է եկել եվրոպացի առաջնորդների հետ մամուլի ասուլիսում։

Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024թ․ փետրվարի 16-ին Խարպ գյուղի թիվ 3 քրեակատարողական գաղութում։ Այդ պահին նա գրեթե 300 օր անցկացրել էր տուգանային մենախցում, որտեղ նրան պարբերաբար տեղավորում էին։ Քննչական կոմիտեն նշել է, որ մահվան պատճառը հանկարծակի առիթմիան է եղել, որն առաջացել է «արյան ճնշման կրիտիկական բարձրացման» հետեւանքով եւ կապված է «համակցված հիվանդության» հետ, որը ներառում է մի շարք ախտորոշումներ՝ խոլեցիստիտ, պանկրեատիտ, միջողնային ճողվածք եւ այլն։

Նավալնու այրին նախկինում հայտնել էր թունավորման մասին։