«Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում, ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ։ Չկան փոխհրաձգություններ, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի զոհվում»։ Այս մասին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենում, «Բաց միջանցքների քաղաքականությո՞ւն. Տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով պանելային բանավեճի ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ։

«Մենք վերացրել ենք Ադրբեջանի տարածքով բոլոր բեռնափոխադրումների սահմանափակումները։ Մենք նաեւ շնորհակալ ենք մեր վրացի բարեկամներին այն բանի համար, որ նրանք բավական կարեւոր տարանցման հնարավորություններ են ստեղծում»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու համար» Ադրբեջանը «պետք է լավ հարաբերություններ ունենա հարեւանների հետ»։

Նա ավելացրել է, որ «խաղաղության հաստատումից հետո միջանցքն Ադրբեջանով Հայաստան եւ այնուհետեւ՝ Եվրոպա մեծ պոտենցիալ է ձեռք բերել»։