ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ Վաշինգտոնը կաշխատի Իրանի նավթի Չինաստան արտահանման ծավալները կրճատելու ուղղությամբ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով այս հարցին տեղյակ երկու ամերիկացի պաշտոնյայի։

«Մենք պայմանավորվեցինք, որ գործելու ենք ամբողջ ուժով՝ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելով, օրինակ՝ Չինաստանին Իրանի նավթի վաճառքի հարցում», –  շաբաթ օրը հայտնել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։

Ըստ լրատվամիջոցի, Իրանի նավթի արտահանման ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին։ Այս առևտրի ցանկացած կրճատում կնշանակի Իրանի եկամուտների նվազում նավթի վաճառքից։

Անցած շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետները բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը տարածաշրջանում ռազմածովային նավատորմ էր տեղակայել։

Ըստ Reuters-ի, ամերիկյան զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ հնարավոր երկարատև գործողությունների, որոնք կարող են շաբաթներ տևել։