Փետրվարի 15-ի գիշերը Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն (НАБУ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП) ձերբակալել են Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին։ Նա փորձել է մեկնել արտերկիր, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների, Գալուշչենկոյին, որն անցնում է էներգետիկայի ոլորտում լայնածավալ կոռուպցիայի վերաբերյալ «Միդաս» գործով, ձերբակալել են Ուկրաինայից հեռանալու փորձի ժամանակ։
Ձերբակալության այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
НАБУ-ն հաստատել է, որ այսօր պետական սահմանը հատելիս դետեկտիվները ձերբակալել են էներգետիկայի նախկին նախարարին «Միդաս» գործի շրջանակում։
«Շարունակվում են առաջնահերթ քննչական գործողությունները, որոնք իրականացվում են օրենսդրության պահանջներին և դատարանի որոշմանը համապատասխան։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,- հայտնել են Բյուրոյից։