Աֆղանստանում իշխանության գլուխ կանգնած «Թալիբան» շարժումը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել Իրանին՝ ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում, սակայն մտադիր չէ մասնակցել ԱՄՆ-ի հետ պատերազմին, գրում է The Jerusalem Post-ը։

««Թալիբանը» օգնություն և աջակցություն կցուցաբերի Իրանի Իսլամական Հանրապետությանը, եթե ԱՄՆ-ն հարված հասցնի երկրին», — պարբերականը մեջբերում է շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը, որը նա հնչեցրել է կիրակի օրը ռադիոեթերում։

Մուջահիդի խոսքով՝ աֆղան ժողովուրդը «կարեկցանք կցուցաբերի և հնարավոր է, որ համագործակցի Իրանի հետ», սակայն նա ընդգծել է, որ դա ինքնաբերաբար չի հանգեցնի «ԱՄՆ-ի դեմ պատասխան պատերազմում» աֆղան թալիբների մասնակցությանը։

The Jerusalem Post-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թալիբների ուղերձի հիմնական միտքը հետևյալն է. նրանք չեն ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի և Իրանի միջև, նախապատվությունը տալիս են դիվանագիտական միջոցներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակությանը։

Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն առայժմ հակված է Իրանի միջուկային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Սպասվում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ Ժնևում։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ էին անցկացվել նաև փետրվարի սկզբին Օմանում, որտեղ կողմերը պայմանավորվել էին շարունակել բանակցային գործընթացը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը ցանկացել է քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ իրանական հրթիռային ծրագիրն ու Մերձավոր Արևելքում Թեհրանի գործողությունները։ Իրանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկել միայն միջուկային հարցը:

Այս խորհրդակցություններն անցկացվում են Իրանի մերձակայքում՝ ԱՄՆ զգալի ուժերի կուտակման ֆոնին։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է նախապատրաստվում են Իրանի դեմ տևական՝ բազմաշաբաթյա ռազմական գործողության, եթե նախագահ Դոնալդ Թրամփը տա դրա մեկնարկի հրամանը։ Պենտագոնը նախապատրաստում է այնպիսի ուժեր, որոնք ընդունակ են ոչ միայն արագ հարված հասցնել, այլև իրականացնել երկարատև արշավ, որ ուղղված կլինի Իրանի պետական և ուժային կառույցների դեմ։ Այս ամենը կարվի այն դեպքում, եթե միջուկային ծրագիրը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը ձախողվեն։