Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մաս և 255-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն։

Քննության տվյալներով՝ հանցավոր կազմակերպության մասնակիցները 2021 թվականին Անգիլիա կղզում (Մեծ Բրիտանիայի ինքնակառավարվող անդրծովյան տարածք) գրանցել են հիմնադրամ, որը պետք է շուրջ 100 միլիոն դոլարի «ներդրումներ» ներգրավեր։ «Ներդրողների» թվում էր նաև Գալուշչենկոյի ընտանիքը, սակայն նրա մասնակցությունը հիմնադրամին թաքցվել է ընկերությունների շղթայի միջոցով, իսկ դրանց շահառուները դարձել են պաշտոնյայի նախկին կինն ու չորս երեխաները։

Այնուհետև հանցավոր կազմակերպության մասնակիցները սկսել են հիմնադրամի՝ շվեյցարական երեք բանկերում բացված հաշվեհամարներին միջոցներ փոխանցել «կասկածյալի շահերից ելնելով»։ Այս եղանակով փոխանցվել է ավելի քան 7,4 միլիոն դոլար։ Ավելի քան 1,3 միլիոն շվեյցարական ֆրանկ և 2,4 միլիոն եվրո էլ կանխիկացվել կամ ուղղակիորեն փոխանցվել է Գալուշչենկոյի ընտանիքին՝ հենց Շվեյցարիայում։

Այդ միջոցների մի մասը ծախսվել է Շվեյցարիայի հեղինակավոր հաստատություններում ուսման վարձը վճարելու համար և փոխանցվել է կասկածյալի նախկին կնոջ հաշվեհամարներին։ Մնացած մասը դրվել է որպես ավանդ, որից ընտանիքը լրացուցիչ եկամուտ է ստացել։

Ընդհանուր առմամբ, Գալուշչենկոյի պաշտոնավարման ընթացքում (2021-ից 2025 թվականներին) հանցավոր կազմակերպությունը նրա վստահված անձի միջոցով, ով հայտնի է «Ռոկետ» մականվամբ, էներգետիկ ոլորտում հակաիրավական գործունեությունից ստացել է ավելի քան 112 միլիոն դոլար կանխիկ գումար, պնդում է Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը:

Գալուշչենկոն Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի ապրիլին, իսկ 2025-ի հուլիսին տեղափոխվել է արդարադատության նախարարի պաշտոնին։ Նրա հեռանալուց հետո Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը գլխավորել է Սվետլանա Գրինչուկը։ 2025 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Գերագույն ռադան երկուսին էլ պաշտոնանկ է արել՝ ուկրաինական «Էներգոատոմի» շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ «Միդաս» հակակոռուպցիոն գործողության շրջանակում խուզարկություն է իրականացվել նաև Գալուշչենկոյի մոտ։

Փետրվարի 15-ին Գալուշչենկոյին ձերբակալել են Ուկրաինայի սահմանը հատելու փորձի ժամանակ և նրան իջեցրել են գնացքից։ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտնել է, որ էներգետիկայի նախկին նախարարը ձերբակալվել է «Միդաս» գործի շրջանակում։