Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին փետրվարի 16-ին բանակցություններ կվարի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ։
«Միջուկային ոլորտի փորձագետների հետ միասին երկուշաբթի օրը ես կհանդիպեմ Ռաֆայել Գրոսիի հետ՝ մանրամասն տեխնիկական քննարկման համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում և հավելել, որ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը կանցկացնի «երեքշաբթի օրը ԱՄՆ-ի հետ նախատեսված դիվանագիտական շփումների նախաշեմին»։
Օմանը որպես միջնորդ է հանդես գալիս Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում։
«Ես Ժնևում եմ՝ արդարացի և իրավահավասար համաձայնության հասնելու իրական գաղափարներով։ Օրակարգում չկա կապիտուլյացիայի սպառնալիքը»,- ընդգծել է Արաղչին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, Իրանը պատրաստ է էննարկել փոխզիջումները, եթե ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների չեղարկումը։ Փոխնախարարը շեշտել է, որ ներկայումս «գնդակն Ամերիկայի դաշտում է, որն էլ պետք է ապացուցի, որ ինքն իսկապես ցանկանում է համաձայնագիր կնքել»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի երկրից դուրս բերել ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրանի իր պաշարը, ինչպես դա արվել էր 2015 թվականի միջուկային գործարքի ժամանակ, Թահթ-Ռավանչին ասել է, որ «դեռ շատ վաղ է ասել, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում»։





























