Այդ հարցը ինձ չպետք է տաք, ընտրողներից է կախված ձայները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՔՊ–ում կայացած քվեարկության ժամանակ ինքը քիչ ձայն է ստացել (100) և զբաղեցրել 274–ի մեջ 146–րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը անգամ վերջերս անդամագրվել էր ՔՊ–ին։

«Պատճառը ո՞րն է, մարդիկ քվեարկում են, ճանաչում են, կամ չեն ճանաչում։ Այնպես չի, որ բոլորը ճանաչում են, շատերը չեն ճանաչում։ Դա է հիմնական պատճառը»,–ասաց նա։

Հիշեցմանը, որ ինքը ոչ միայն հիմա է ԱԺ պատգամավոր, այլ նաև նախորդ իշխանությունների օրոք եղել է պաշտպանության փոխնախարար, ինչպե՞ս է, որ չեն ճանաչում իրեն, Մելքոնյանը պատասխանեց. «Այն ժամանակ ուրիշ մարդիկ էին, հիմա ուրիշ մարդիկ են, հիմա ամենակարևորն այն է, որ կուսակցության մեջ ենք»։

Դիտարկմանը, որ կուսակցական լինելը կօգնի, որ անկախ այս արդյունքներից ինքը հայտնվի ԱԺ–ո՞ւմ, նա ասաց. «Չգիտեմ, ես Նոստրադամուսը չեմ, որ գուշակեմ, թե ինչ է լինելու։ Ամեն ինչ նորմալ է»։
Նա չբացառեց, որ գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է սերնդափոխություն իրականացնել, երիտասարդներին առաջ բերել. «Այո, մեր ապագան երիտասարդներն են»։

Գագիկ Մելքոնյանը նեղված չէ, որ քիչ քվե է ստացել. «Բայց ինչի՞ համար պիտի նեղվեմ։ Դե հիմա քիչ են քվեարկել, էդ ա, հո չես կարող մարդկանց ստիպես կամ ինչ-որ բռնանաս։ Դեմոկրատիա է մեզ մոտ, ես գոհ եմ այդ արդյունքից։ Գոհ եմ, որովհետև ընտրություններն եղել են արդար, ազատ, առանց լցոնումների, առանց որևիցե մի բանի։ Իրոք եղել են արդար, ազնիվ ընտրություններ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ավարտվել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։

Այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակներն այցելել են  ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրել։ Ըստ այդմ,  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։

Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։