Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին Ժնևում հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ՝ միջուկային դոսյեի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների նոր փուլի նախապատրաստման շրջանակներում։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին Ժնևում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև վաղվա անուղղակի բանակցությունների երկրորդ փուլին նախապատրաստվելու համար», - հայտնել են Օմանի ԱԳՆ-ից։ Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, նախարարները նշել են «փոխըմբռնման և կոնսենսուսի հասնելու կարևորությունը՝ բոլոր կողմերի նպատակներին ու սպասումներին համապատասխանող համաձայնագրի կնքման համար»։
Հունվարի 26-ին Վաշինգտոնը հայտարարել է, որ դեպի Իրան է ուղղվում մի «հսկայական արմադա»։ Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար ու իրավահավասար» գործարք, որը ենթադրում է լիակատար հրաժարում միջուկային զենքից։ ԱՄՆ-ն զգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ նկատի ունենալով 2025 թվականի ամռանը Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածները, և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կայացել է փետրվարի 6-ին՝ Օմանի մայրաքաղաքում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է Արաղչին, իսկ ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։





























