Ստամբուլի դատախազության կողմից մաքսանենգության, թմրանյութերի և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի: Ինչպես նշված է դատախազության հայտարարության մեջ, ընդհանուր առմամբ տրվել է 25 անձի ձերբակալման օրդեր։

«Քննչական գործում առկա ապացույցների հիման վրա՝ այսօր իրականացված միաժամանակյա կալանավորումների, ձերբակալությունների, խուզարկությունների և առգրավումների արդյունքում ձերբակալվել ու կալանքի տակ են վերցվել 25 կասկածյալներից 17-ը։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել է ընդհանուր առմամբ 52,46 գրամ մարիխուանա։ Շարունակվում են մյուս ութ կասկածյալներին ձերբակալելու ուղղությամբ միջացառումները», - ասված է Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է Habertürk հեռուստաալիքը, կասկածյալների թվում կան Թուրքիայում հայտնի արտիստներ։ Մասնավորապես, նրանց թվում են Duman խմբի մեներգիչ Քաան Թանգյոզեն, ում մոտից առգրավվել է 17 գրամ մարիխուանա, երգիչ Մուրատ Դալքըլըչը և հայտնի դերասան Իսմայիլ Հաջիօղլուն (վերջինիս մոտից առգրավվել է 33 գրամ թմրանյութ)։

Ձերբակալվածների ցուցակում կան նաև մեծ թվով տեղացի գործարարներ, որոնց թվում են մանրածախ առևտրի, լոգիստիկայի և ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ կամ գործընկերներ։