Պակիստանի Խայբեր-Պախտունխվա նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան տասը զինծառայող է զոհվել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Dawn պարբերականը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

«Խայբեր-Պախտունխվա նահանգի Բաջաուր շրջանում գտնվող անցակետի վրա պայթուցիկով լցված ավտոմեքենայի կիրառմամբ իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 11 աշխատակից», - նշում է պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայությունը:

Եվս յոթ մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել նախօրեին: Պակիստանի իշխանությունները կարծում են, որ դրա հետևում կանգնած են երկրում արգելված «Տեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» շարժման կողմնակիցները:

Պատասխան կրակով 12 ահաբեկիչ է սպանվել:

Պարբերականը նշում է, որ վերջին տարվա ընթացքում Խայբեր-Պախտունխվա նահանգում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է: Պակիստանի Հետազոտությունների և անվտանգության կենտրոնի տարեկան զեկույցի համաձայն՝ անցյալ տարի այս նահանգում գրանցվել է բռնության զգալի աճ։ Զոհերի թիվը 2024 թվականի 1620-ից 2025 թվականին հասել է 2331-ի: