Ամերիկյան հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է երկու օր տեւած խնջույքից հետո, որի ընթացքում նա ալկոհոլ է օգտագործել եւ սկանդալ սարքել: Խնջույքի մանրամասները պարզել է The Sun պարբերականը: Ականատեսների խոսքով` փետրվարի 10-ի գիշերը երգչուհին դուրս է եկել True Hollywood ակումբից, որտեղ ընթանում էր երգչուհի Քելլի Փրայսի կազմակերպած խնջույքը: Նրա դաստակին կտրվածքներ են եղել, իսկ ոտքից արյուն է հոսել:

Այդ երեկո Հյուսթոնը զայրացել է` տեսնելով, որ իր սիրեցյալ 31-ամյա երգիչ Ռեյ Ջեյը զրուցում է տաղանդների «Իքս ֆաքթոր» մրցույթի նախկին մասնակից Սթեյսի Ֆրենսիսի հետ: Հյուսթոնը Ֆրենսիսից պահանջել է հեռու մնալ իր տղամարդուց եւ հրել է նրան: Ականատեսները վկայում են, որ այդ երեկո Հյուսթոնը խմիչքներից նախընտրել է թեքիլան:

Սիրեցյալի եւ մրցակցուհու հետ վեճից հետո նա անհաջող ելույթ է ունեցել բեմում, ինչից հետո լքել է ակումբը: Հյուսթոնին տեսել են նաեւ Beverly Hills Hilton հյուրանոցի սրահում` թաց մազերով եւ անփույթ հագնված:

Հիշեցնենք, Հյուսթոնի մարմինը գտել էին Լոս Անջելոսի  Beverly Hills Hilton հյուրանոցի համարի լողասենյակում` փետրվարի 12-ին:

Իրավապահ մարմինների աշխատակիցները Հյուսթոնի սենյակում մի քանի դեղամիջոցների բաղադրատոմսեր են գտել: Փոփ աստղի հարազատները հաղորդել են, որ նա հանգստացնող «Քսանաքս» դեղամիջոցներ է ընդունել: Ալկոհոլի համադրությամբ այդ դեղամիջոցը կարող է քնկոտություն առաջացնել:

The Sun-ի տվյալներով, աստղի համարում գտնվել են նաեւ  «Լորազեպամ» եւ «Վալիում» դեղամիջոցները: Ենթադրվում է, Հյուսթոնը կարող էր մի քանի դեղամիջոց ընդունելուց հետո կորցնել գիտակցությունը եւ խեղդվել լոգանք ընդունելիս: Երբ երգչուհուն հայտնաբերել են, նրա գլուխը ջրի տակ է եղել:

Այսպիսին է հետաքննության հիմնական վարկածը, բայց կա նաեւ այլ ենթադրություն: Դիահերձումից հետո պարզվել է, որ երգչուհու թոքերում հեղուկի քանակությունը բավարար չի եղել պնդելու համար, որ նա մահացել է ջրահեղձ լինելու արդյունքում:

Քննությունը հնարավոր է համարում, որ Հյուսթոնը մահացել է ավելի շուտ, քան նրա մարմինը սուզվել է ջրի մեջ: Ալկոհոլի հսկա քանակությունը կարող էր հանգեցնել շնչուղիների աշխատանքի խանգարման, ընդհում մինչեւ շնչառության դադարի:

Հիշեցնենք, որ փոփ-երգչուհին մահացել է փաստացի աղքատի կարգավիճակում. նա թմրանյութերից կախվածությունից բուժվելու վրա ծախսել է իր ողջ կարողությունը, այդ թվում ձայնագրման ստուդիայի հետ կնքած պայմանագրով հասանելիք 100 մլն դոլարը:

Երգչուհու նախկին ամուսինը` Բոբի Բրաունը դատարանով նրանից վերցրել է շքեղ առանձնատունը` Բեւերլի Հիլզում, որից հետո Ուիթնին ապրում էր հյուրանոցներում: Երգչուհու խորթ մայրը` Բարբարոա Հյուսթոնը նույնպես դատի է տվել նրան, մեղադրելով, որ հորից հսկայական ժառանգություն է ստացել, սակայն չի վճարում հիպոթեքի տոկոսները, որի մասին նշվել է հոր կտակի մեջ, հաղորդում է NEWSru.com-ը: