Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի փետրվարի 13-ի հանդիպմանը Հրայր Կարապետյանի եւ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկիի համանախագահությամբ դիտարկվել են էներգետիկ համագործակցության հարցեր:
Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ հանձնաժողովի համանախագահները, բարձր գնահատելով երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել առավել նշանակալի համագործակցության` միջխորհրդարանական հանձնաժողովի հնարավորություններն օգտագործելով:
Բելառուսական կողմի համանախագահ Վ. Գումինսկիի խնդրանքով հայ խորհրդարանականները հյուրերին ներկայացրել են ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի փորձն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ ծանոթացրել այդ ոլորտում բարեփոխումների եւ ծրագրերի հետ:
Հանդիպմանը ներկա Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության ատոմային էներգիայի վարչության պետ Ա. Գեւորգյանը եւ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը մանրամասնորեն ներկայացրել են ատոմակայանի այսօրվա տեխնիկական հնարավորությունների մակարդակը, ներդրումային քաղաքականությունը եւ ԱԷԿ-ի անվտանգության ապահովման նկատառումներով տեխնիկական սպառազինումը, նոր էներգաբլոկի շինարարական ծրագրի ընթացքը` նշելով ԱԷՄԳ-ի հետ համագործակցության եւ անվտանգության կանոնների ապահովման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




























