Սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւը, ով մեղադրվում է 19-ամյա մոսկվացի Իվան Ագաֆոնովի սպանության մեջ, գրավով ազատ կարձակվի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսօր` փետրվարի 13-ին, տեղի է ունեցել դատական նիստը, որի ժամանակ որոշվել է 100 հազար ռուբլի (շուրջ 3,5 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Միրզաեւին:

Տուժող կողմի ներկայացուցիչ Օքսանա Միխալկինան դժգոհ է մնացել դատարանի այդ որոշումից, հայտարարելով, որ բողոքարկելու է այդ որոշումը: «Հիմա ցանկացած մեկը կարող է 100 հազար ռուբլով մարդ սպանել»,-դատարանի դահլիճում հայտարարել է Միխալկինան:

Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 13-ին Իվան Ագաֆոնովի եւ Ռասուլ Միրզաեւի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ սամբիստը ծանր հարված է հասցրել երիտասարդ Իվան Ագաֆոնովի գլխին: Հարվածից վերջինս կորցրել է գիտակցությունը: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ մի քանի օր անց մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով: