Եվրոպական վարկանշային գործակալությունը մասնավոր կառույց է լինելու եւ իր աշխատանքները կսկսի առաջիկա ամիսներին: Այդ մասին La Libre Belgique թերթին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է եվրոպական ներդրումային բանկի նախկին ղեկավար Ֆիլիպ Մայստադտը:

Գործակալության ստեղծման ուղղությամբ աշխատում է Roland Berger խորհրդատվական խումբը գերմանացի արդյունաբերողների օժանդակությամբ: Մայստադտի կարծիքով, շատ կարեւոր է, որ գործակալությունը մասնավոր է լինելու, քանի որ եվրոպական կառավարությունների կողմից ստեղծված գործակալությունը վստահություն չէր ներշնչում:

Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Եվրոպական վարկանշային գործակալության ստեղծման առաջարկությամբ է հանդես եկել Անգելա Մերկելը:

Անցյալ շաբաթ Եվրամիության օրենսդիրները հանդես են եկել օրենք ընդունելու առաջարկությամբ, որի համաձայն, միջազգային վարկանշային գործակալություններին արգելվելու է տեղեկություն հաղորդել երկրի սուվերեն վարկանշի մասին` առանց այդ երկրի համաձայնությունը ստանալու, գրում է NEWSru.com-ը: