Արդեն մի քանի օր է, որ վարորդներն ահազանգում են, որ Դավիթ Բեկ փողոցի աջակողմյան հատվածում արդեն ամիսներ առաջ ավարտված գործը հօդս է ցնդել. աշխատանքները կատարվել են ոչ որակյալ,որի պատճառով էլ եղել են դեպքեր, որ ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել կամ անվադողեր պայթել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի էր ունեցել ճանապարհի փլուզում, գրեթե 1.5 տարի պահանջվեց, մինչև Երևանի քաղաքապետարանը ճանապարհը հիմնանորոգեց՝ փոխելով պանելային հատվածները, քանի որ դրա տակով Գետառն էր անցնում։
Փաստորեն, կարճ ժամանակում նորից ճանապարհը «ճողվածք» ստանում, ու ամեն պահի կա վտանգ, որ այն կփլուզվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024թ․ մայիսի 25-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ Գետառի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում էր տեղի ունեցել մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:
Երթևեկությունը ամբողջությամբ նշված հատվածում դարձել էր միակողմանի:





























