Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ այսօր՝ ժամը 14։00-ի մոտակայքում հնչել էին կրակոցներ, այս պահին աշխատում են մեծ թվով քրեական ոստիկաններ, քննիչներ, քրեագետներ։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ տարածքը, որտեղ հնչել են կրակոցները, բոլոր կողմերից սահմանազատված է ժապավեններով, լրագրողների և բնակիչների մուտքն այդ հատված արգելված է։

Դեպքը տեղի է ունեցել Աբելյան 7 և 9 շենքերի արանքում ընկած բակային հատվածում՝ ավտոտնակների մոտ՝ խաղահրապարակի դիմաց։ Ավտոտնակների հարակից տարածքներում բոլոր կողմերից ասֆալտին արյան հետքեր են։ Ականատեսները պատմել են, որ վիրավորները փախել են տարբեր ուղղություններով։ Իսկ 9-րդ շենքի հարևանությամբ գետնին երկար ձգվող արյան լղոզված հետքը վկայում է, որ գետնին ընկած վիրավորներից մեկին փորձել են քարշ տալով հեռացնել դեպքի վայրից։

Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, նրանցից մեկը մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. բոլոր վիրավորները, որոնց մի մասին վիրահատել են, այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ Armlur.am-ին հայտնի է դարձել, որ մահացածը Երևանի բնակիչ Արսեն Վարդանյանն է։

Ականատեսներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ դեպքի վայրից փախուստի դիմաց բոլոր անձինք երիտասարդներ են եղել։