Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ոչ թե Վրաստանում Իսրայելի դեսպանատան մոտ, իսկ դեսպանության աշխատակիցներից մեկի անձնական ավտոմեքենայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին:
«Այդ մարդը հանդիսանում էր Վրաստանի քաղաքացի: Դեսպանատանը նա վարորդ է աշխատում, սակայն նա չի սպասարկում դեսպանությանը այն ավտոմեքենայով, որտեղ հայտնաբերվել է ռումբը: Դա նրա անձնական սեփականությունն է, ուստի միանգամայն հնարավոր է, որ այդ ամենը կապված է նրա անձնականի, ոչ թե դեսպանությանը ծավալած գործունեության հետ»,-հայտարարել է Խիզանիշվիլին եւ նշել, որ պայթուցիկ սարքը ներկայումս վնասազերծվել է, հաղորդում է «Գրուզյա Online»-ը:
Նշենք, որ ավելի վաղ գործակալությունը հաղորդել է, որ Վրաստանում Իսրայելի դեսպանության վարորդ Ռոման Խաչատուրյանը ավտոմեքենայի տակ սկոտչով ամրացված սեւ փաթեթ է նկատել: Նա անմիջապես պարեկային ոստիկանություն է կանչել, որն էլ իր հերթին սակրավորներ է հրավիրել: Պարզվել է, որ փաթեթի մեջ նռնակ է, որն արագ վնասազերծել են:




























