NEWS.am–ի տեղեկություններով, նախօրեին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասնակիցները հենց Աջափնյակ վարչական շրջանի այդ տարածքի բնակիչներ են։ Ու թեև ըստ ՆԳՆ–ի, շրջանակը պարզվել է, սակայն մեր տեղեկություններով դեպքի վայրից փախուստի դիմած անձինք կան, որոնք մինչև այս պահը չեն հայտնաբերվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։





























