Պացիենտների վիճակը բավականին ծանր է։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներին։
Ըստ նրա՝ իրականացվել են բոլոր անհրաժեշտ վիրահատական միջամտությունները։ «Հիմա լրացուցիչ այլ բան դեռ չեմ կարող ասել։ Գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո», - ասել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրաձգությամբ ուղեկցվող հաշվեհարդար է տեղի ունեցել։ Արդյունքում յոթ մարդ ստացել է վիրավորում։ Նրանցից մեկը փոքր ինչ ուշ մահացել է բժշկական կենտրոնում։





























