ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վիզայի սահմանափակումներ է մտցրել Իրանի 18 պաշտոնյաների և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։

«Վիզային սահմանափակումների այս քաղաքականությունն ուղղված է այն անձանց դեմ, ովքեր առնչություն ունեն կամ առնչություն ունեցող են համարվում մարդու իրավունքների լուրջ խախտումներին, մասնավորապես՝ իրանցիների արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակմանը։ Այս պահին տվյալ քաղաքականության թիրախում է հայտնվել 58 մարդ։

ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի իրանցի ժողովրդի արտահայտվելու ազատության իրավունքին։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը իրանցիներին և խաղաղության ու արժանապատվության նրանց ձգտմանը։ Մենք կշարունակենք օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ իրանական վարչակարգի պաշտոնյաների և այլ անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Ինչպես հստակ հասկացրել է նախագահ Թրամփը, Միացյալ Նահանգները սատարում է իրանցի ժողովրդին», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։