ՀՀ քննչական ծառայությունը որևէ մեկնաբանություն չի տալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը իրականացվող զննության մասին։ «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս այս գործով»,–ասացին ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 19–ին զննություն է իրականացվում Ծառուկյանի տանը։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել էր, որ ոչ թե խուզարկություն է տեղի ունենում, այլ զննություն։

«Շատ կարևոր է նաև նշել, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Այսինքն ըստ էության այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլ տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ «Խուզարկություն» եզրույթը այստեղ օգտագործելը առհասարակ տեղին չի և այս պահին խուզարկություն տեղի չի ունենում»,–ասաց նա։

Հարցին՝ իրավապահ ո՞ր մարմիններն են կոնկրետ իրականացնում այդ զննությունը, փաստաբանը պատասխանեց, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Քննչական կոմիտեի, Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետները ուղղակի զննում են այդ տարածքը։ Դա սկսվել է առավոտյան աշխատանքային ժամի, եթե չեմ սխալվում 9:30-ի սահմաններում և կարծում եմ, որ շատ շուտով արդեն կավարտվի։

Ես այս պահին գործուղման եմ, իմ գործընկեր Սմբատ Մինասյանն է տեղում, ինքը քիչ առաջ է ինձ տեղեկացրել, որ շատ քիչ բան է մնացել անելու։ Ինքը հիմա քննչական գործողության է մասնակցում, որը տեսանկարահանվում է նաև և չի կարող պատասխանել զանգերին»։