Ըստ պետական գնումների փաստաթղթերի, որոնց ծանոթացել է The Guardian թերթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Գազայում 5000 հոգու համար նախատեսված ռազմական բազա կառուցել, որն ավելի քան 350 ակր (մոտ 142 հեկտար) տարածք է զբաղեցնելու։
Ենթադրվում է, որ այս օբյեկտը ռազմական գործառնական բազա կդառնա ապագա Կայունացման միջազգային ուժերի համար, որը պետք է բաղկացած լինի կամավորներից ստեղծված բազմազգ ռազմական ուժերից:
Կայունացման միջազգային ուժերը վերջերս ստեղծված Խաղաղության խորհրդի մաս են կազմում, որը կոչված է Գազայի հատվածը կառավարելու համար: Խաղաղության խորհուրդը գլխավորում է Դոնալդ Թրամփը, իսկ մասնակիորեն ղեկավարում է նրա փեսան՝ Ջարեդ Քուշները:
Նախատեսված է ռազմական հենակետի փուլային կառուցում. այն շրջապատված կլինի կցասայլերի վրա տեղադրված 26 զրահապատ դիտաշտարակներով, հրաձգարանով, բունկերներով և ռազմական տեխնիկայի պահեստով: Ամբողջ բազան շրջապատված կլինի փշալարերով: Հիշեցնենք, որ Խաղաղության խորհրդի կազմում են նաև Հայաստանը և Ադրբեջանը:





























