«Թալիբան» կազմակերպությունը (շարժումը ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում), որը վերահսկում է Աֆղանստանի տարածքը, կիրառության մեջ է մտցրել նոր օրենսդրական ակտ, որը փաստացի օրինականացնում է բռնությունը կանանց հանդեպ։ Այս մասին գրել է Daily Mail-ը։

Նոր քրեական օրենսգրքի համաձայն, որը հրապարակել է խմբավորումը, ամուսիններին թույլ է տրվում ֆիզիկական ուժ կիրառել իրենց կանանց հանդեպ՝ պայմանով, որ դա չի հանգեցնի լուրջ վնասումների։

Այդ օրենսգիրքը, որը բաղկացած է 90 էջից եւ արժանացել է «Թալիբանի» գերագույն առաջնորդ Հիբաթուլա Ախունզադայի հավանությանը, պատիժների տարբերակված համակարգ է մտցնում՝ կախված իրավախախտի սոցիալական կարգավիճակից։

Օրենսգրքի 9-րդ հոդվածը աֆղանական հասարակությունը բաժանում է չորս կարգի՝ կրոնական գործիչներ (ուլեմներ), էլիտայի ներկայացուցիչներ (աշրաֆներ), միջին դաս եւ բնակչության ցածր շերտեր։

Փորձագետների կարծիքով՝  այս դասակարգումը հիերարխիկ համակարգ է ստեղծում, որտեղ, ըստ էության, վերականգնվում է «ազատների» եւ «ստրուկների» բաժանումը, իսկ կանայք փաստացի հավասարվում են ստրուկներին։

Օրենսգրքի տեքստը պարունակում է դրույթներ, որոնք թույլ են տալիս «ստրկատերերին», մասնավորապես՝ ամուսիններին, կիրառել մարմնական պատիժներ կանանց կամ ստորադասների հանդեպ։

Ընդ որում, եթե հանցագործությունը կատարվել է հոգեւորականության կամ էլիտայի ներկայացուցչի կողմից, պատիժը սահմանափակվում է նախազգուշացմամբ կամ դատարան կանչելով։

Միջին դասի ներկայացուցիչների համար նման իրավախախտումը կարող է հանգեցնել բանտարկության, մինչդեռ «ցածր դասի» համար նախատեսված են ինչպես մարմնական պատիժներ, այնպես էլ բանտարկություն։

De Mahakumu Jazaai Osulnama կոչվող օրենսգիրքը արդեն ուղարկվել է երկրի դատական ատյաններ՝ քննադատության եւ զայրույթի ալիք բարձրացնելով իրավապաշտպանների եւ ակտիվիստների շրջանում՝ Աֆղանստանի սահմաններից դուրս։