Մարդու օրգանիզմում կան բջիջներ, որոնք ի վիճակի են հաջողությամբ պայքարել ՄԻԱՎ-ի դեմ:

Ինչպես հաղորդում է BBC-ին, վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  մակրոֆագերն ու դենդրիտային բջիջները  մեծ կայունություն են դրսեւորում ՄԻԱՎ-ի նկատմամբ, ինչը թույլ է տալիս պայքարել վիրուսի դեմ: Դա բացատրվում է  հատուկ սպիտակուցի` SAMHD1 պրոտեինի առկայությամբ,  որն առանցքային դեր է խաղում օրգանիզմի պաշտպանության տեսակետից:

Խնդիրն այն է, որ վիրուսներն ինքնուրույն չեն կարող վերարտադրվել: Նրանք, որպես կանոն, զավթում են այլ բջիջներ` դրանք վերածելով յուրօրինակ «պլանտացիայի»: SAMHD1 պրոտեինը թույլ է տալիս  ոչնչացնել սեփական «շինարարարական տարրերը»` այդպիսով կասեցնելով ՄԻԱՎ-ը:

Գիտնականները հույս ունեն, որ այս բացահայտումը եւ հետագա հետազոտությունները թույլ կտան ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց գտնել: