Հայաստանի ոստիկանությունը տուգանել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբորը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ Արթուր Դանիելյանին տուգանել են «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 124 պրիմ 1 հոդվածով` քաղաքում շարասյունով երթեւեկելու եւ քաղաքացիների անդորրը խաթարելու համար: Արթուր Դանիելյանը կեսգիշերին մտերիմների հետ նշում էր եղբոր հաղթանակը քաղաքապետի ընտրություններում` մեքենաների խմբով շրջելով եւ ազդանշաններ տալով:
Ոստիկանությունը նույն օրենսգրքի մեկ այլ` 180 հոդվածով տուգանելու է Արամ Դանիելյանի մտերիմներից մեկին, ով հրավառություն է կազմակերպել: Այս փաստի առնչությամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն եւ ուղարկվել Հրազդանի քաղաքապետարան` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Նշենք, որ Արամ Դանիելյանը երեկ կայացած ընտրություններում հաղթանակ է տարել իր մրցակցի` ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նկատմամբ:




























