Բրիտանական ոստիկանությունը շարունակում է Չարլզ III թագավորի կրտսեր եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի նախկին տան խուզարկությունները: Նա փետրվարի 19-ին հարցաքննվել է 11 ժամ։ Այս մասին հաղորդել է The Guardian թերթը։
Թերթի տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Լոնդոնի մոտ գտնվող Վինձորի ամրոցի տարածքի Royal Lodge նստավայրում: 66-ամյա Մաունթբեթեն-Վինձորը այնտեղ ապրել է մինչեւ 2026թ․ փետրվարը, երբ տեղափոխվել է Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքի տուն: Նրա ներկայիս հասցեում խուզարկություններն ավարտվել են:
Նախկին արքայազնը երեկ ձերբակալվել է եւ տարվել ոստիկանություն՝ հարցաքննության համար: Մաունթբեթեն-Վինձորը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Թեմզայի հովտի ոստիկանությունը հետաքննում է այն մեղադրանքները, որ 2001-2011թթ․ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի եւ ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ եղած ժամանակ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել դատապարտված մանկապիղծ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին:
Նրան ավելի ուշ ազատ են արձակել առանց մեղադրանքի, հետաքննությունը շարունակվում է: Մաունթբեթեն-Վինձորը դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի առաջին ձերբակալված անդամը 1647 թվականից ի վեր, երբ ձերբակալվել էր Անգլիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թագավոր Չարլզ I-ը, որին ավելի ուշ մահապատժի ենթարկեցին քաղաքացիական պատերազմի ժամանակ: Բրիտանական թագավորական ընտանիքի գծով փորձագետները ձերբակալությունը բնութագրել են որպես «հսկայական նշանակություն» ունեցող իրադարձություն, որը կարող է անջնջելի հետեւանքներ ունենալ ամբողջ թագավորական ընտանիքի համար:




























