Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը կարծում է, որ «Դատական օրենսգրքում վերջին փոփոխությունները, որը շատերը անվանում են, որ ՀԿ–ներին բերում են որպես մահակ դատավորների գլխին, չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին։

«Նախկինում ես եղել եմ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հայեցակարգի հանձնախմբի մեջ նախագծման փուլում։ Այդ ժամանակ էլ մենք ուսումնասիրել էինք տարբեր եվրոպական փաստաթղթեր, դատական իշխանության անկախություն նաև պայմանավորված էր իր ներքին անկախության ձևավորմամբ, այսինքն պետք է լինեին այդպիսի հանձնաժողովներ, որոնք մեծամասնությամբ դատավորներից բաղկացած պետք է լինեին։ Խորհուրդ էր տրվում մեկ կամ երկու հոգի լինեն ՀԿ–ներից որպես «աչք», այլ ոչ թե հավասարակշռող։ Այս պայմաններում ես չգիտեմ դա մահակ է, թե մահակ չի, ինչ ազդեցություն կունենա վաղը, ամեն դեպքում չեմ ողջունում»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է դատական համակարգը դիմի Վենետիկի հանձնաժողով, Պապոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դատական իշխանությունը կամ դատական իշխանության որևէ ներկայացուցիչ հիմա այդ հարցով դիմի Վենետիկի հանձնաժողով, որովհետև նախկին փորձը ցույց տվեց, որ Վենետիկի հանձնաժողովից նմանատիպ պատասխաններ ստանալուց հետո դա որևէ մեծ ազդեցություն չի ունեցել։ Այնտեղ, որտեղ պայքարել են, արդյունք չկա, պետք չի կրկին պայքարել»։

Հարցին՝ մտավախություն չունի, որ իր համարձակ դատական ակտերի արդյունքում իշխանությունները կգան նաև իր հետւից, նա արձագանքեց. «Ես իմ ցանկացած որոշման կայացման կապակցությամբ որևէ մտավախություն չունեմ»։

Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։