Լրագրող Էմին Հուսեյնովը, որը Մյունխենի համաժողովի ժամանակ հարց էր ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, հայտնել է իր դեմ մահափորձի մասին։ Նա դրա մասին գրել է X-ի իր բլոգում։
«Մինչ Իլհամ Ալիևը Խաղաղության խորհրդի նիստում խոսում էր խաղաղության մասին, երկու տղամարդ հետևեցին ինձ Ժնևի կենտրոնում այնպես, որ ես լուրջ հիմքեր ունեի անհանգստանալու իմ անվտանգության համար։
Ընդամենը մի քանի օր առաջ Մյունխենում Իլհամ Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին տիկինը և փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ակնհայտորեն սպառնալից տոնով ինձ հրապարակավ «քաջ առողջություն» մաղթեց։
Ես այդ միջադեպը մահափորձ եմ համարում։
Ես հիմք ունեմ կասկածելու, որ Ալիևների ընտանիքն անմիջականորեն կապված է այդ միջադեպի հետ։
«Ես ամերիկյան լրատվամիջոցներին կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս իրավիճակին և ուղղակիորեն նախագահ Ալիևին համապատասխան հարցեր տալ Վաշինգտոնում նրա գտնվելու ընթացքում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Էմին Հուսեյնովը 2002-2005 թվականներին եղել է «Թուրան» լրատվական գործակալության թղթակից։ 2006 թվականի մայիսին, ի պատասխան խոսքի և մամուլի ազատության վերաբերյալ կառավարության սահմանած սահմանափակումների, նա հիմնադրել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS) և ղեկավարել այն։ 2014 թվականի օգոստոսին, կազմակերպության անօրինական փակումից և հետապնդումից հետո, Հուսեյնովը ստիպված էր թաքնվել։ Օգոստոսի 8-ին նա ապաստան խնդրեց Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ կեղծ մեղադրանքներով հնարավոր ձերբակալությունից խուսափելու համար։ Հուսեյնովն այնտեղ մնաց 10 ամիս, որից հետո նրան թույլատրվեց լքել երկիրը, սակայն նրան զրկեցին Ադրբեջանի քաղաքացիությունից։




























