«Միասնության թեւերն» իր տնտեսական քաղաքականությունը կառուցել է 7 առանցքային ուղղությունների վրա. 7 ուղղություն՝ 1 ճանապարհ, այսինքն ճանապարհը մեկն է՝ արմատապես փոխել տնտեսական կառուցվածքը։ Այս մասին NEWS.am-I EconoMix նախագծի եթերում հայտարարել է քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Այդ յոթ ուղղություններն են․

1․ Հայաստանի դերի գիտակցումն ամբողջ աշխարհում

2․ Արդյունաբերական Հայաստանի կառուցում

3․ Փոքր ու միջին ձեռնարկատիրության ռազմավարություն

4․ Արժեթղթերի շուկա

5․ Սփյուռքի ազդեցության վերաիմաստավորում

6․ Նոր հարկային քաղաքականություն

7․ Թվային դրամ

Հարկային քաղաքականության մասով «Միասնության թեւեր» նախաձեռնությունն առաջարկում է պրոգրեսիվ հարկի կիրառում, որն ունի սոցիալական և մակրոտնտեսական նշանակություն։ «Ոչ թե համահարթ՝ բոլորը հավասար, այլ շատից շատ կգնա, քչից՝ քիչ», - ասել է Անանյանը, հավելելով, որ սա «սոցիալական արդարություն ապահովելու նշանակություն ունի։

Տնտեսագետը նաև գտնում է, որ շատ կարևոր է զարգացնել սեփական արտադրությունը։

«Հայաստանի տնտեսությունը չպետք է լինի սպառման տնտեսություն, շեշտը պիտի դնենք արտադրական ոլորտի վրա։ Եթե մենք արտադրեինք ու սպառեինք մեր տնտեսությունում, կարելի էր ունենալ նաեւ սպառման մոդել, սակայն, մեզ մոտ ներմուծումը գերազանցում է արտահանմանը։ Եթե քո տնտեսության ամբողջ պոտենցիալը 3 մլն ազգաբնակչության հույսով է, դու պետք է արտադրես այնպիսի ապրանք ու ծառայություն, որ քո սպառողը դառնա դրսում ապրող 300 մլն մարդ»,– ասել է Անանյանը։

ՊԵԿ նախկին նախագահի խոսքով, «Միասնության թեւերի» տնտեսական թիմը գրել է ծրագիր ոչ թե առաջիկա 5 տարիների, այլ տասնամյակների համար. «Մեր հիմնական նպատակը արտահանելի պոտենցիալ ունեցող ծառայությունները, որոնք կարող են ունենալ կարճաժամկետ շատ մեծ էֆեկտներ, դրանց զարկ տալն է եւ պետական քաղաքականության թիրախ դնելը, դրանից հետո գալիս է կենսատեխնոլոգիան, բժշկությունը, կրթությունը, ուղղահայաց տնտեսությունը, որոնք 30 տարվա կտրվածքով աճի պոտենցիալ ունեն»։

Հարցին, թե ինչպես է նախաձեռնությունը տեսնում Հայաստանի տնտեսությունն ապագայում՝ ինչ ինտեգրման շրջանակում, Անանյանը պատասխանել է. «Բարձր մակարդակի դիվերսիֆիկացիայի վրա եմ տեսնում։ ԵԱՏՄ–ն հնարավորություն է, ցանկացած միջազգային հարթակում երբ փոքր երկիրն ունի վետոյի իրավունք, այդ վետոյի իրավունքը պահպանելը իր համար դառնում է սրբազան, ինչ–որ մի հատ շատ կարևոր բան։ Հետևաբար, ԵԱՏՄ–ում ենք, գլոբալ համագործակցություն բոլորի հետ: Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Եվրամիության հետ, դիվերսիֆիկացրու, ստանդարտիզացիայի ենթարկի քո արդյունաբերությունը: Եվրոպայի ստանդարտները բեր, համապատասխանությունդ արա, ժամանակ առ ժամանակ բեր, ձեռք բերի այդ ամեն ինչը, ամբողջ աշխարհի հետ արա: Ռուսաստանի հետ խորացրու, ԵԱՏՄ–ի հետ խորացրու, ոչ մեկ չի սահմանափակում, բայց ձեր հարցի հստակ պատասխանը՝ շատ մեծ սպեկտրով դիվերսիֆիկացիան է։ Քանի որ մենք արտահանելի տնտեսություն ենք ուզում կառուցենք, դա նշանակում է, որ մենք ամբողջ աշխարհի հետ պետք է ունենանք մեր տնտեսական փոխհարաբերությունները առևտրական՝ թե ապրանքների բարձր տեխնոլոգիական, թե ծառայությունների մատուցման առումով»։