Ամերիկյան UTICo ընկերության հայցի շրջանակում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն պաշտոնապես հրավիրվել է Նյու Յորքի դատարան:
Ինչպես տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան», անցած տարի UTICo ընկերությունը հայց էր ներկայացրել Նյու Յորքի հյուսիսային օկրուգի շրջանային դատարան ընդդեմ Տիմոշենկոյի` «Ուկրաինայի միասնական էներգետիկական համակարգերից» 18 մլն 344 հազ. դոլարի բռնագանձման շրջանակում: Ուկրաինական դատարանի որոշմամբ 2011թ. դեկտեմբերի 16-ին մեկուսարանում փորձել էին Տիմոշենկոյին հանձնել նյույորքյան դատարանի ծանուցագիրը, սակայն Տիմոշենկոն առանց որեւէ բացատրության հրաժարվել էր ստանալ այդ ակտում թվարկված փաստաթղթերը: Դրանից հետո, սակայն, ուկրաինական դատարանը համարել էր, որ փաստաթղթերը հանձնված են:
Մեկ շաբաթ անց Ուկրաինայի արդարադատության նախարարն այդ մասին տեղեկացրել էր ամերկյան փաստաբանական ընկերությանը, որն զբաղվում է UTICo-ի հայցով:
Նյույորքյան շրջանային դատարանի ներկայացուցիչը վկայել է, որ փետրվարի 7-ին հայցի մասին ծանուցման պատճենը, համաձայն Հաագայի կոնվենցիայի, տրամադրվել է Տիմոշենկոյին: Այդպիսով, Տիմոշենկոն համարվում է իրազեկված Նյու Յորքում իր նկատմամբ հայցի վերաբերյալ:




























