ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել մի առաջարկ, որը Իրանին թույլ կտա իրականացնել ուրանի «խորհրդանշական» հարստացումը, բայց նաև դիտարկում է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի լիկվիդացման տարբերակը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Առաջին տարբերակի շնորհիվ կարող է հնարավորություն ստեղծվել Իրանի միջուկային ներուժի սահմանափակման և պատերազմի կանխարգելման վերաբերյալ գործարքի համար, նշում է պորտալը։

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանին ներկայացվելիք միջուկային առաջարկի «նշաձողը» շատ բարձր է, քանի որ այդ ծրագիրը պետք է համոզի թե՛ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներսում, թե՛ տարածաշրջանում առկա բազմաթիվ թերահավատներին։

«Նախագահ Թրամփը պատրաստ կլինի ընդունել այնպիսի գործարք, որը կլինի բովանդակալից և որն ինքը կկարողանա քաղաքականապես առաջ մղել երկրի ներսում։ Եթե իրանցիները ցանկանում են կանխել հարձակումը, նրանք պետք է մեզ այնպիսի առաջարկ անեն, որից մենք չենք կարողանա հրաժարվել», - Axios-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Ամերիկյան առաջնորդի խորհրդականը պորտալին հայտնել է նաև, որ Պենտագոնը բազմաթիվ տարբերակներ է ներկայացրել Թրամփին։

«Նրանք ծրագիր ունեն ցանկացած դեպքի համար։ Սցենարներից մեկի համաձայն՝ այաթոլլան, նրա որդին և մոլլաները կվերացվեն», — ասել է խորհրդականը՝ նկատի ունենալով գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նրա որդուն՝ Մոջթաբային, ում համարում են հավանական իրավահաջորդը։ «Ոչ ոք չգիտի, թե որ ծրագիրը կընտրի նախագահը։ Կարծում եմ՝ նա ինքն էլ դեռ չգիտի», — նշել է աղբյուրը։