Ուդմուրտիայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է «օբյեկտներից մեկը»։ Այս մասին փետրվարի 21-ի գիշերը հայտնել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։
Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 11 մարդ։ Երեքը հոսպիտալացվել են. նրանցից երկուսը գտնվում են միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր վիճակում։
Astra պարբերականը, հիմնվելով ականատեսների կադրերի վերլուծության վրա, պնդում է, որ հարվածի թիրախը եղել է Վոտկինսկի գործարանը՝ ռազմավարական նշանակության պաշտպանական ձեռնարկություն, որտեղ արտադրվում են «Իսկանդեր-Մ», «Տոպոլ-Մ» և «Օրեշնիկ» հրթիռներ։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ գործարանում վնասվել են №22 և №36 արտադրամասերը։
Ուկրաինական ալիքները գրում են, որ գործարանին հարված է հասցվել ոչ թե անօդաչուներով, այլ «Ֆլամինգո» հրթիռներով։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռևս չկա։
Վոտկինսկից մինչև Ուկրաինայի սահման հեռավորությունը կազմում է գրեթե մեկուկես հազար կիլոմետր։


























