Սուխումում կրակել են աբխազական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Էշսոու Կակալիայի վրա, նա հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին տեղեկացրել են Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Նրա տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։ Տուժածին տեղափոխել են Սուխումի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Քաղաքի ներքին գործերի վարչությունն իրականացնում է նյութերի նախնական հավաքում, տեղազննում եւ միջադեպի հանգամանքների պարզում։
«Մայրաքաղաքի ՆԳՎ օպերատիվ կազմը ոտքի է հանվել տագնապի ազդանշանով, հայտարարվել է «Հետապնդում» պլան»,- հայտնել են գերատեսչությունում։
Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ Կակալիան հրազենային վիրավորում է ստացել ազդրի շրջանում եւ փակ գանգուղեղային վնասվածք։
«Պացիենտն ուղարկվել է համակարգչային հետազոտման։ Բժշկական անհրաժեշտ օգնությունը պացիենտին ցուցաբերվում է լրիվ ծավալով»,- տեղեկացրել են առողջապահության նախարարությունում։
Ինչպես հայտնել են Աբխազիայի նախագահ Բադրա Գունբայի մամուլի ծառայությունում, պետության ղեկավարը հանձնարարել է իրավապահ մարմիններին իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Կակալիայի վիրավորման փաստով։ Այստեղ նշել են, որ հետաքննության ընթացքը վերահսկվում է հանրապետության առաջնորդի կողմից։
Կակալիան ընդդիմադիր «Աիդգիլարա» («Միասնություն)» հասարակական-քաղաքական կազմակերպության փոխնախագահն է։ Նա ավելի վաղ զբաղեցրել է Աբխազիայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։




























