ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է անում 19%-ով կրճատել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: Միաժամանակ, Օբամայի վարչակազմն առաջարկում է լրացուցիչ 3,600,000 դոլար հատկացնել Թուրքիայում միջազգային ռազմական կրթական ծրագրի իրականացման համար, հաշվի առնելով այն, որ «Թուրքիան շարունակում է մեծ դեր կատարել իբրեւ համաշխարհային գործընկեր»:
Սկզբնապես Օբաման առաջարկել է 32%-ով կրճատել ԱՄՆ օգնությունը Հայաստանին: Կոնգրեսի հաստատած 40 մլն դոլարի փոխարեն ԱՄՆ նախագահն առաջարկել է Հայաստանին հատկացնել ընդամենը 27,219 մլն դոլար, ինչը 12,781 մլն դոլարով քիչ է ամերիկյան օրենսդիրների առաջարկածից: Եթե դրան հավելվի թմրանյութերի առեւտրի դեմ պայքարին հատկացվող եւ Հայաստանում իրավապահ համակարգի զարգացմանն ուղղված 2,824 մլն դոլարի օգնությունը, ինչպես նաեւ Հայաստանում առողջապահական ծրագրերի իրականացման համար տրամադրվող 2,5 մլն դոլարի օգնությունը, որոնք փոփոխության ենթակա չեն, ապա Հայաստանին Բարաք Օբամայի առաջարկած ամերիկյան օգնության չափը կկազմի 27,219 մլն դոլար, ինչը 19%-ով պակաս է ԱՄՆ Կոնգրեսի հաստատած գումարից:
«Մենք ցավով, բայց առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ նախագահ Օբաման կրկին փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնությունը` չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման տնտեսական ծանր հետեւանքներին եւ չնայած Հայաստանի աջակցությանն ԱՄՆ-ին Աֆղանստանի, Իրաքի եւ Կոսովոյի գործողությունների ժամանակ», - նշել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:




























