Խալիսկո «Նոր սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի մահվանից հետո Մեքսիկայում բռնության աճող ալիքի է բարձրացել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press (AP)-ն։
Զոհվածների թվում կան Մեքսիկայի Ազգային գվարդիայի յոթ ծառայողներ: Մահվան դեպքեր են արձանագրվել Հալիսկո, Միչոական և Գուանախուատո նահանգներում:
Մեքսիկայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ գործողության նպատակը Օսեգերայի ձերբակալությունն էր, սակայն զինվորականները փոխհրաձգության մեջ են մտել կարտելի անդամների հետ Հալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալահարայից դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում: Վիրավոր Օսեգերային փորձել են օդային ճանապարհով տեղափոխել Մեխիկո, սակայն նա թռիչքի ժամանակ մահացել է:
Կարտելի անդամները պատասխանել են ճանապարհների արգելափակմամբ և տրանսպորտային միջոցների հրկիզմամբ: Մեքսիկայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գվադալահարան, նախօրեին փաստացի շրջափակման մեջ է հայտնվել: Հրկիզման դեպքեր են գրանցվել նաև ամերիկացի թոշակառուների շրջանում հանրահայտ Պուերտո Վալյարտա առողջարանային քաղաքում:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը համաքաղաքացիներին հանդարտության կոչ է արել։ Իշխանությունները զեկուցել են, որ մաքրել են երկրի 20 նահանգներում կարտելի անդամների կողմից տեղադրված 250 ճանապարհային արգելապատնեշների մեծ մասը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք հնարավոր են դարձրել Օսեգերայի ձերբակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը «Հալիսկո նոր սերնդի կարտելը» ներառել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Պետդեպարտամենտը 15 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկում այն տեղեկատվության համար, որը կհանգեցներ նարկոբարոնի ձերբակալմանը։
AP-ն հիշեցնում է, որ այս կարտելը 2009 թվականին հիմնադրվելուց հետո համարվում է Մեքսիկայի ամենահզոր և արագ աճող հանցավոր կազմակերպություններից մեկը։ Կարտելը դեպի ԱՄՆ էր փոխադրում ֆենտանիլի, կոկաինի, հերոինի և մետամֆետամինի խոշոր խմբաքանակներ։ Այն նաև հարձակումներ էր իրականացնում զինվորականների վրա և երկրի հանցավոր խմբերի մեջ առաջինն է եղել, որ սկսել է ականներ օգտագործել և պայթուցիկներ է նետել ԱԹՍ-ներից։




























