Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը օժանդակելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մաս)։ Այս մասին հայտնել են «Ռոսիյսկայա գազետա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականները՝ հղում անելով ԱԴԾ նյութերին։ Հոդվածներում պնդվում է, որ պատերազմի պայմաններում Telegram-ը «դարձել է ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների և «կիևյան ռեժիմի» գլխավոր գործիքը»։ «Անանունության պատրանքը մեսենջեր է բերել արմատականների, թմրամոլների, մարդասպանների և ահաբեկիչների բանակներ, ինչն էլ սկսել է սպառնալիքներ ձևավորել մեր հասարակության համար», - ընդգծել է Ռոսիյսկայա գազետան:
Ըստ հրապարակումների տվյալների՝ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում գրանցվել է մեսենջերի օգտագործմամբ ավելի քան 153 հազար հանցագործություն, որոնցից 33 հազարը՝ դիվերսիոն-ահաբեկչական և ծայրահեղական բնույթի, ներառյալ պայթյունների կազմակերպումը, զինկոմիսարիատների հրկիզումները և սպանությունները։ Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ Telegram-ի միջոցով համակարգված ահաբեկչությունների հետևանքով զոհվել են 9 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտներ Իգոր Կիրիլովը, Յարոսլավ Մոսկալիկը և Ֆանիլ Սարվարովը։ Բացի այդ, նշվում է, որ մեսենջերը ներգրավված է եղել «Կրոկուս Սիթի Հոլլի» ահաբեկչության կազմակերպման և Դարյա Դուգինայի սպանության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Կոմսոմոլսկայա Պրավդան, Telegram-ը չի կատարել «Ռոսկոմնադզորի» պահանջները՝ 154,981 ալիք, չատ և բոտ հեռացնելու մասին, որոնցից 104,093-ը վերաբերում էին հավաստի չհամարվող տեղեկատվությանը, 10,598-ը՝ ծայրահեղականության կոչերին, 7,405-ը՝ դատական որոշումներին, իսկ 4,168-ը՝ ծայրահեղական գործունեության արդարացմանը։ Այս կապակցությամբ ռուսական իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել մեսենջերի աշխատանքը Ռուսաստանում և տվյալ պահին դանդաղեցրել են այն 55%-ով, հստակեցրել է Ռոսիսկայա գազետան։
Այն մասին, որ «Ռոսկոմնադզորը» սկսել է արգելափակել Telegram-ը, հայտնի է դարձել փետրվարի 10-ին։ Գերատեսչությունում դա բացատրել են նրանով, որ մեսենջերը չի համապատասխանում ռուսական օրենսդրությանը և չի ապահովում քաղաքացիների անվտանգությունը։ Ընդ որում, «Ռոսկոմնադզորն» ընդգծել է, որ Telegram-ը դանդաղեցնում է «լիազորված մարմինների որոշմամբ»։
Այս ֆոնին ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ անցյալում Դուրովի հետ բանակցությունները «ոչ մի լավ բանի» չեն հանգեցրել և տվյալ պահին չեն վարվում։ «Նա հետապնդում է իր սեփական շահերը, որոնք ի վերջո իրացվում են մեծաքանակ իրավախախտումների առկայությամբ՝ ինչպես մանկական հանցավորության, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, այնպես էլ ահաբեկչական ակտերի ու դիվերսիաների միջոցով», — նշել է Բորտնիկովը:





























