Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթները չեն առնչվում բացառապես նախկին պաշտոնատար անձանց։ Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

ՀԿԿ ղեկավարի հավաստմամբ՝ քրեական գործերի զգալի մասը վերաբերում է հենց գործող պաշտոնյաներին։ «Անդրադառնալով այն պնդումներին, թե Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն պայքար է մղում բացառապես նախկին պաշտոնատար անձանց դեմ՝ կարող եմ միայն նշել, որ դա այդպես չէ և ես դրա հետ համաձայն չեմ։

Քրեական հետապնդումները վերաբերում են նաև գործող պաշտոնյաներին։ Այս պահին չեմ կարող հնչեցնել տոկոսային հարաբերակցությունը, սակայն նշեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ ստուգումները գործող պաշտոնատար անձանց նկատմամբ»,- ասել է Նահապետյանը։