Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը խուսափում է մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու խոստման մեջ օրենքի խախտման առկայությունը կամ բացակայությունը։

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նշված խոստումը չի հանդիսանում նախընտրական շրջանում ընտրողների կարծիքի վրա ազդելու նպատակով բարեգործությունն արգելող օրենքի խախտում, Նահապետյանը հրաժարվել է մեկնաբանել այս կոնկրետ օրինակը, որպեսզի հայտնած կարծիքը չկանխորոշի գործընթացը, եթե համապատասխան ազդակ ստացվի: Կոմիտեն դեռևս նման ազդակ չի ստացել։

Միևնույն ժամանակ, Նահապետյանը բավականին հոժարակամ մեկնաբանել է մեկ այլ կոնկրետ դեպք, որով ընթանում է ստուգում։ Խոսքը Սյունիքի մարզպետի կողմից դիմումատուներին տրամադրված դրամական օգնության մասին է՝ ի՞նչ նպատակով է դա արվել և ի՞նչ հիմքով։ Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքի գնահատականը տրվում է՝ ելնելով գործի հանգամանքներից։

Որպես քաղաքական օբյեկտիվության օրինակ՝ նա մատնանշել է Էջմիածնում իշխող «ՔՊ» խմբսակցության անդամի ներգրավումը [որպես մեղադրյալ], ով գտնվում է տնային կալանքի տակ, իսկ գործն արդեն դատարանում է։

Անդրադառնալով անգլերենի դասընթացներին՝ Նահապետյանը հաստատել է, որ կոմիտեն կարող է սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ սկսել, սակայն դարձյալ չի ցանկացել մանրամասների մեջ խորանալ։

Հայկ Կոնջորյանի տան վերաբերյալ հարցին Նահապետյանը պարզաբանել է, որ տան վաճառքի հանգամանքները (խոսքը տարօրինակ ցածր գնով վաճառքի մասին է) կպարզվեն և կտրվի իրավական գնահատական։

Պարզվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ուսման վարձավճարների վերաբերյալ տեսանյութի օրենքին համապատասխանությունը:

Չորրորդ իշխանության ներկայացուցիչներն անուշադրության չմատնեցին նաև փչացած ասֆալտի խնդիրը՝ հետաքրքրվելով, թե արդյոք առկա է հարկերի վատնման խնդիր: Դրան ի պատասխան՝ կոմիտեի ղեկավարը հայտնել է անորակ շինարարության, ճանապարհների և նմանատիպ այլ հարցերով բազմաթիվ վարույթների մասին: Նահապետյանը կոնկրետ փաստեր չի նշել՝ պատճառաբանելով, որ «չգիտի, թե կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը»։