Չինաստանի,  հավանաբար նաեւ աշխարհր ամենատարեց ընտանիքը բնակվում է հարավարեւմտյան Գույչժոու նահանգի հազար մետր բարձրության վրա տեղակայված լեռնային գյուղում: Ամուսինների ընդհանուր տարիքը 215 է:

Ընտանիքի գլխավոր Յան Շենչժուն այս տարի բոլորել է 109-ամյակը, իսկ նրա կինը` Ցզին Իֆենը` 106-ը: Այրն ու կինն իրենց երկարակեցության գաղտնիքը համարում են աշխատասիրությունը, համեստ կենսակերպը եւ ընտանեկան ներդաշնակությունը: Ծերունիները հավաստիացնում են, որ ծնողների ցանկությամբ շուտ են ամուսնացել եւ 90 տարվա համատեղ կյանքի ընթացքում գրեթե չեն վիճել:

Յան Շենչժունը լրագրողներին պատմել է, որ երբեք լուրջ չի հիվանդացել, բժիշկներին չի դիմել, իսկ մրսածության դեպքում դիմել է ավանդական ժողովրդական մեթոդի` բրնձի օղուն: Վերջին ժամանակներս նա խնդիրներ ունի տեսողության եւ լսողության հետ, եւ քայլելու համար նրան ձեռնափայտ է հարկավոր, սակայն այդ տարիքի համար դա ընդամենը մանրուք է: 

Ցզին Իֆենը վաղ արթնանում է եւ ամբողջ օրն զբաղվում է տնային գործերով. պատրաստում է բրինձ եւ բանջարեղեն, կերակրում է անասուններին, կարգուկանոն հաստատում: Վերջին տարիներին ծեր ծնողներին խնամում է փոքր տղան, որը 61 տարեկան է: Ամուսինները դաստիարակել են ընդամենը 6 երեխաների, նրանք 14 թոռ եւ 10 ծոռ ունեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: