Պենտագոնը թույլատրել է ամերիկյան զինվորականներին իրենց գաղտնի համակարգերում կիրառել Իլոն Մասկի xAI ընկերության կողմից մշակված Grok արհեստական բանականությունը (ԱԲ): Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը և xAI-ն «ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս զինվորականներին Grok կիրառել գաղտնի համակարգերում»: Դրանք առնչվում են հետախուզական տեղեկատվությանը, սպառազինությունների մշակմանը և մարտական գործողությունների իրականացմանը: Ինչպես նշում է պորտալը, մինչ այժմ Պենտագոնը թույլատրում էր այդ համակարգերում օգտագործել միայն ամերիկյան Anthropic ընկերության ստեղծած Claude AI մոդելը:

ԱՄՆ ռազմական նախարարությունն այժմ դիտարկում է Anthropic-ի հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, քանի որ վերջինս պնդում է Claude-ի՝ ռազմական նպատակներով կիրառման սահմանափակումները պահպանելու հարցը: Պենտագոնը ԱԲ ոլորտում իր հետ համագործակցող ընկերություններից պահանջում է, որ նրանց մշակումները հնարավոր լինի կիրառել «բոլոր օրինական նպատակներով»: Գերատեսչությունը դրանց է դասում մարտական գործողությունների իրականացումը և հետախուզական տվյալների հավաքագրումը: xAI-ը համաձայն է այս պայմաններին, իսկ Anthropic-ը՝ ոչ: Anthropic-ը պահանջում է, որ իր ստեղծած համակարգերը չօգտագործվեն «ամերիկացիների զանգվածային լրտեսման» և «լիովին ինքնավար սպառազինությունների» աշխատանքի ապահովման համար:

Պորտալը նշում է, որ առայժմ լիակատար հստակություն չկա այն մասին, թե արդյոք xAI-ը կկարողանա լիովին փոխարինել Anthropic-ին Պենտագոնի համար: Սպասվում է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 24-ին կհանդիպի Anthropic-ի ղեկավարության հետ և «փաստացի վերջնագիր կներկայացնի նրանց»՝ պահանջելով հանել նշված սահմանափակումները՝ կապերի խզման սպառնալիքի ներքո:

Փետրվարի 13-ին «The Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Պենտագոնը Claude է օգտագործել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու գործողության ժամանակ, չնայած «Anthropic»-ի կողմից տեխնոլոգիայի բռնությունը խթանելու համար օգտագործման արգելքին։

Մասկը 2025 թվականին մի քանի ամիս շարունակ համակարգել է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գերատեսչության գործունեությունը: Նա մոլորակի ամենահարուստ մարդն է. ըստ Bloomberg գործակալության վերջին գնահատականների՝ նրա կարողությունը գերազանցում է 664 միլիարդ դոլարը: