ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը հետաքննություն է անցկացրել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի նկատմամբ՝ կապված կասկածելի վճարումների հետ, որոնք հնարավոր է առնչություն են ունեցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը CBS News հեռուստաալիքի հրապարակած փաստաթղթում։

«DEA-ի հաշվետվությունները մատնանշում են, որ վերոնշյալ անձինք առնչություն ունեն անօրինական բանկային փոխանցումների հետ, որոնք կապված են ԱՄՆ Վիրջինյան կղզիներում և Նյու Յորքում թմրամիջոցների ապօրինի առևտրի և/կամ մարմնավաճառության հետ»,- ասվում է հուշագրում։ Այս փաստաթուղթն այն միլիոնավոր ֆայլերից մեկն է, որոնք ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է անցյալ ամիս՝ ԱՄՆ-ում անցկացված հետաքննության արդյունքներով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Էպշտեյնը, որը մահացել է Նյու Յորքի բանտախցում 2019 թվականին՝ անչափահաս աղջիկների սեռական շահագործման մեղադրանքով դատավարությանը սպասելիս, հետաքննության թիրախում հայտնված 15 անձանցից մեկն է եղել։

Փաստաթուղթը, որը թվագրվում է 2015 թվականի մայիսին, նոր լույս է սփռում Էպշտեյնի հանցագործությունների հնարավոր մասշտաբի վրա տարիներ անց այն բանից հետո, երբ նա 2008 թվականին դատապարտվել է Միացյալ Նահանգներում ՝ երեխաներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար:

Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության փաստաթուղթը խիստ խմբագրված է (որոշ հատվածներ քողարկված են), և հետաքննության մեջ ներգրավված մյուս 14 անձանց ինքնությունը չի բացահայտվում։ Ֆայլում նշված է գործի համարը և մատնանշված է, որ այն հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում։ Գործը նշված է որպես «դատական քննության փուլում գտնվող»։