«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի շատ մանդատ կստանա, եթե գրագետ օգտագործի մամուլի ու ֆինանսական լծակները: Այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով, այդ դեպքում ԲՀԿ-ն լուրջ մրցակից կլինի ՀՀԿ-ի համար:
«Կուսակցությունն ունի լուրջ ռեսուրսներ` լրատվամիջոցներ, կառույցներ ողջ երկրով մեկ: Սակայն ունի նաեւ խնդիրներ կադրերի ու գաղափարախոսության առումով: ԲՀԿ-ի գաղափարախոսությունը, որպես այդպիսին, տեսանելի չէ: Անընդհատ շեշտվում է, որ կուսակցությունը զանգվածաբար համալրվում է: Թե ինչ են տալիս ԲՀԿ-ին նոր անդամները, անհասկանալի է եւ այդ մասին ոչինչ չեն ասում: Վերջին տարիներին, ԲՀԿ-ում միակ քաղաքական դեմքը դարձել է Նաիրա Զոհրաբյանը, դրա համար էլ քննարկվում է Վարդան Օսկանյանի, Հմայակ Հովհաննիսյանի, նաեւ Պետրոս Ղազարյանի ԲՀԿ-ին հնարավոր անդամագրվելու հարցը»,-ասաց քաղտեխնոլոգը, հավելելով, որ դրա իմաստն այն է, որ կուսակցությունը հասարակության առաջ լսելի ձայն ունենա:
Իսկ ահա ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ԲՀԿ-ի ակտիվում ներկա պահին նրա խարիզմատիկ առաջնորդն է` Գագիկ Ծառուկյանը, եւ նրա մարդասերի իմիջը: «Փաստացի ԲՀԿ-ն բարեգործությամբ չի զբաղվում, դրանով զբաղվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, սակայն մարդկանց գիտակցության մեջ այդ երկու կառույցները նույնացված են»,-հավելեց նա:



























