ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով հանդես գալիս հերթական անգամ հայտարարել է, որ իր նախագահության 10 ամիսների ընթացքում դադարեցրել է ութ պատերազմ՝ դրանց թվում հիշատակելով Հայաստանն ու Ադրբեջանը։

«Առաջին տասն ամիսների ընթացքում ես վերջ եմ դրել 8 պատերազմների... այդ թվում՝ Կամբոջայում և Թաիլանդում, Պակիստանում և Հնդկաստանում։ Դրանք կարող էին լինել միջուկային պատերազմներ։ 35 միլիոն մարդ։ Մարդիկ ասում էին, որ Պակիստանի վարչապետը կզոհվեր, եթե չլիներ իմ միջամտությունը։ Կոսովո և Սերբիա, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան, Կոնգո և Ռուանդա և, իհարկե, Գազայի պատերազմը, որը շարունակվում է շատ ցածր մակարդակով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա հայտարարությունն ուղեկցվել է քաղաքական ընդդիմախոսների՝ դեմոկրատների «Դա սուտ է» բացականչություններով, ինչին ի պատասխան Թրամփն ասել է. «Դա ծիծաղելի չէ։ Դուք հիվանդ մարդիկ եք»։