ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի «պատերազմը խարդախության դեմ»։ Այս որոշումը կայացվել է դեմոկրատների կողմից վերահսկվող նահանգներում, մասնավորապես՝ Մինեսոտայում, պետական արտոնությունների ենթադրյալ չարաշահումների ֆոնին, հաղորդում է AFP-ն։

Կոնգրեսի երկու պալատների առջև «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձի ժամանակ Թրամփը նշել է, որ նմանատիպ խնդիրներ կան նաև Կալիֆոռնիայում, Մասաչուսեթսում և Մենում։ «Ես պաշտոնապես պատերազմ եմ հայտարարում խարդախության դեմ, որը կղեկավարի մեր հիանալի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ եթե իր վարչակազմին հաջողվի «բացահայտել նման խարդախության մասին բավարար քանակությամբ դեպքեր, ապա մենք մեկ գիշերվա ընթացքում կունենանք հավասարակշռված բյուջե»։

Մինչ դաշնային քննիչները հետաքննում էին Մինեսոտայում պետական նպաստների հետ կապված զեղծարարությունները, Թրամփի վարչակազմը աչքի տակ է վերցրել հատկապես սոմալացի ներգաղթյալներին, որոնցից ոմանք ներգրավված էին այդ սխեմաներում:

Թրամփի վարչակազմը պնդել է, որ պետական աջակցության չարաշահումները տարածված են Մինեսոտայի ողջ սոմալիական համայնքում, որն իր 80,000 բնակչությամբ ամենամեծն է երկրում։

Հիշեցնենք, որ նմանատիպ մեղադրանքներ էր հնչեցրել նաև ԱՄՆ վարչակազմի պաշտոնյա Մեհմեթ Օզը՝ թիրախավորելով Կալիֆոռնիայի հայ համայնքին, ինչը հանգեցրել էր մեծ սկանդալի և զանգվածային բողոքների։