Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում խիստ քննադատության է ենթարկել Իրանի միջուկային ծրագրի և հրթիռների վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի հայտարարությունները։
«Պրոֆեսիոնալ ստախոսները հմուտ են «ճշմարտության պատրանք» ստեղծելու հարցում։ «Կրկնիր սուտը բավականաչափ հաճախ, և այն կդառնա ճշմարտություն», սա քարոզչության այն օրենքն է, որը հնարել է նացիստ Յոզեֆ Գեբելսը։ Ներկայումս սա համակարգված կերպով օգտագործվում է ԱՄՆ վարչակազմի և նրան շրջապատող «պատերազմի սպեկուլյանտների», մասնավորապես՝ ցեղասպանություն իրականացնող իսրայելական ռեժիմի կողմից՝ Իրանի ժողովրդի դեմ ապատեղեկատվության չարամիտ արշավ իրականացնելու համար։ Այն ամենը, ինչ նրանք պնդում են Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների և հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ, պարզապես «մեծ ստի» կրկնությունն է։ Ոչ ոք չպետք է մոլորության մեջ ընկնի այս ակնհայտ ստերից»,- գրել է Բաղային։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ելույթ ունենալիս հայտարարել է, որ Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ին։
«Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և արտերկրում գտնվող մեր բազաներին և նրանք աշխատում են այնպիսի հրթիռների ստեղծման վրա, որոնք շուտով կհասնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ ցանկանում է «դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Իրանի միջուկային ծրագրին»՝ միաժամանակ հպարտանալով ԱՄՆ ռազմական հզորությամբ։
«Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մենք դեռ չենք լսել այդ գաղտնի բառերը՝ «մենք երբեք չենք ունենա միջուկային զենք»։ Ես նախընտրում եմ, այո՛, ես նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բայց մի բան հաստատ է. ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորը, ինչպիսին նրանք անկասկած հանդիսանում են, ունենա միջուկային զենք։ Ես չեմ կարող դա թույլ տալ։ Ոչ մի պետություն չպետք է կասկածի տակ դնի ամերիկացիների վճռականությանը։ Մենք ունենք Երկրի վրա ամենահզոր զինված ուժերը»,- հայտարարել է Թրամփը։





























