Ընտրություններում խախտումների ուժային մեթոդները սկսում են զիջել կաշառքին, կարծում են քաղաքական տեխնոլոգներ Արմեն բադալյանն ու կարեն Քոչարյանը:  Բուն կաշառքի «շուկայական արժեքն» այն չէ, ինչ նախկինում, նշել է Քոչարյանը: Եթե նախկինում կաշառքների չափը կազմում էր 5 հազար դրամ, ապա այժմ ընտրողը համաձայն է ընտրել 10 հազարից ոչ պակաս արժեքով:

«Հենց նախընտրական կաշառքն էլ դառնում է ընտրախախտումների հիմնական ռեսուրսը:  Ակնհայտ եւ կոպիտ խախտումների ժամանակներն անցել են: Քվեատուփերը բոլորի ներկայությամբ չեն տանում, քվեաթերթիկները չեն լցոնում: Ամենագործուն մեթոդը այժմ դառնում է կաշառքը»,- կարծում է Քոչարյանը:

«Եթե դիտարկենք ՀՀԿ-ի այլընտրանքները, «Բարգավաճ Հայաստանն» ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Հայ ազգային կոնգրեսը: Վերջինս միջոցներ չունի ընտրողներին գումարներ բաժանելու համար: Բանը միայն ֆինանսների մեջ չէ, այլ կառույցների: Նման բաժանումների համար պետք է ունենալ քաղաքացիների ցուցակները»,- ասել է նա:

Հարցին, հնարավոր է, որ իր ընտրողներին կաշառի նաեւ «Օրինաց երկիրը», Քոչարյանը պատասխանել է, թե արդյունքը կարող է հակառակը լինել: «Եթե ուրիշներին «ազնվորեն» կընտրեն գումարի դիմաց, «Օրինաց երկրից» գումարը կվերցնեն եւ չեն ընտրի: Ժողովրդական լեզվով ասած, «կքցեն»: Ինչպես իր ընտրողների հետ վարվեց ՕԵԿ-ը 2008թ.»,- նշել է փորձագետը: